Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Օսմանյան կայսրությունը` հանդուրժողության տիպա՞ր

Օսմանյան կայսրությունը` հանդուրժողության  տիպա՞ր
15.01.2016 | 02:36

Օրերս Ռուսաստանի «Россия» հեռուստաալիքով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարեց, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներ չեն ոչնչացվել։ Հայկական շատ լրատվամիջոցներ այդ հայտարարությունը գնահատել են որպես Հայոց ցեղասպանության փաստի ուղղակի ժխտում։ Հայտարարությանն արձագանքել են նաև քրիստոնեական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ։ Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ՌԴ ՆԳՆ սպա ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ (Սանկտ Պետերբուրգ) արձագանքը։
«Մոսկվայի և Համայն Ռուսիո հարգելի պատրիարք Կիրիլ։ Ծննդյան տոների առթիվ տված հարցազրույցում Ձեր շուրթերից հնչած բառերից հետո, որտեղ Դուք, փաստորեն, ժխտում եք Օսմանյան Թուրքիայում հայերի ու քրիստոնյաների հալածանքների փաստը, մեր հավերժական թշնամու երկիրը ներկայացնում որպես հանդուրժողամիտ ու ազնվաբարո պետություն, խնդրում եմ՝ ինձ Ձեր հոտի մաս չհամարել։ Ավելի լավ է ես գնամ Հայոց եկեղեցի, բայց այդ պահից Ձեր խոսքերն ու քարոզներն ինձ համար այլևս օրինակարգ չեն լինի։
Ճիշտ այնպես, ինչպես օրինակարգ չէին Ձեր նախորդի՝ հանգուցյալ Ալեքսի Երկրորդի խոսքերը, ով այցելեց Բաքու, ելույթ ունեցավ թուրքերի ու ադրբեջանցիների առջև, սակայն ոչ մի բառ չասաց այն հարյուրավոր քրիստոնյաների մասին (ռուս և հայ), որոնց այդ քաղաքում գազանաբար սպանեցին 20-րդ դարի 80-ական թվականների վերջին-90-ականների սկզբին։ Ոչ մի խոսք չասաց այն մասին, որ Բաքվի գլխավոր մզկիթը կառուցվել է քրիստոնեական մատուռի ավերակների վրա։
Ես չգիտեմ, թե ինչն է Ձեզ և Ձեր նախորդին դրդել նման պնդումների։ Չգիտեմ նաև, թե մեր օրերում ինչ փոխարժեք ունի «երեսուն արծաթը»։ Բայց Ձեզ օգտակար կլիներ իմանալ, որ այդ խոսքերով Դուք դավաճանեցիք ոչ միայն հայ քրիստոնյաներին, այլև ռուս քրիստոնյաներին, մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել օսմանյան լծից Եվրոպայի ազատագրման համար, ահա թե ում դավաճանեցիք Դուք։ Նույն կերպ էլ դուք՝ քրիստոնյա հոգևորականներդ, Բյուզանդիայի քրիստոնյաներն ու Դուք խոսք իսկ չեք ասել Կոստանդնուպոլիս մտած թուրքերի կողմից սպանված հազարավոր քրիստոնյաների մասին։
Սերբիայի միտրոպոլիտ Պավելը, ով պարկեշտ կյանքով էր ապրում, ժամերգության էր գնում տրոլեյբուսով, ոչ թե թիկնապահներով ու զրահապատ ավտոմեքենայով, իրեն հարստությամբ ու շքեղությամբ չէր շրջապատում, շատ ճիշտ խոսքեր է ասել. «Մենք չենք ընտրում մեր ծննդավայր երկիրը, չենք ընտրում այն ժողովրդին, որի արգանդից ծնվում ենք, չենք ընտրում մեր ծնվելու ժամանակը, բայց մեկ բան ընտրում ենք՝ լինել մարդ կամ տմարդի»։


Հ. Գ. ՈՒզում եմ իմ հայ բարեկամներին խնդրել՝ պետք չէ համացանցային իմ էջում տեղադրել այդ խայտառակ տեսագրությունը՝ այս գրառմամբ. «Սա՛ է ձեր պատրիարքը»։ Նա իմ պատրիարքը չէ, ես Աստծուն եմ հավատում, ոչ թե պատրիարքին։ Նման գրառումները կհեռացնեմ անմիջապես»։

Ահա նա է իսկական հովիվը, ոչ թե Դուք։ Խորամուխ եղեք սրանում։ Սատանայի հետ սիրախաղ մի արեք։


Հրապարակման պատրաստեց
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 15207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ